Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Նույն գետը՝ երրորդ անգամ, այն էլ՝ անընդմեջ

Նույն գետը՝ երրորդ անգամ, այն էլ՝ անընդմեջ
20.05.2016 | 09:18

Շվեյցարական Բազելում կայացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: Հանդիպեցին աշխարհամասում ամենագավաթայինի համարում ունեցող «Սևիլիան» ու «Լիվերպուլը»: Սակայն սա խաղ էր կրկնաստառով: Հաղթողը ոչ միայն տիրանում էր պատվավոր գավաթին, այլև ձեռք բերում Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանին մասնակցելու բոնուսային հնարավորություն, ինչը թիմերն ի զորու չեղան իրականացնելու ներքին առաջնությունների խաղերի կտրվածքով: Այնպես որ, սույն մրցակցությունը սպասվածից ավելիի գին ուներ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Եթե վերցնում ենք ամենամոտ ժամանակները, «Սևիլիան» Եվրոպայի լիգայի վերջին երկու տարիների անփոփոխ գավաթակիրն է: Սակայն սա անդալուզցիների հպարտության միակ աղբյուրը չէր: Լիգայի գավաթը (նախկինում՝ ՈՒԵՖԱ-ի) ևս երկու անգամ եղել է նրանց ձեռքերում: Ընդ որում՝ դարձյալ անընդմեջ: Նման բան մեկ էլ հաջողվել է Մադրիդի «Ռեալին»: Հաղթելով բազելյան եզրափակչում՝ «Սևիլիան» կարող էր պատմության մեջ նոր էջ բացել: Ասել է թե՝ նույն գետը երրորդ անգամ անընդմեջ հաղթած մտնել: Սա, բնականաբար, հզոր մոտիվացիա էր ու, այլ բաները չհաշված, արժեր խիզախել: Եթե հաջողվեր դա անել, թիմից զատ պատմության մեջ կհավերժանար և Էմերին, որովհետև Եվրոպայի լիգայում եռակի հաղթանակով մարզիչներից մինչ այդ առանձնացել է միայն իտալացի հանրահայտ Տրապատոնին, սակայն դա անելով ընդհատումներով, մինչդեռ Էմերին գավաթը նվաճած կլիներ անընդմեջ:
Պակաս ներկայանալի չէր և պատմության լիվերպուլյան էջը: Անգլիացիները պատիվ են ունեցել լինելու գավաթի եռակի հաղթող: Վերջին անգամ նրանք այդ բանն արել են այսօր արդեն հեռավոր թվացող 2005-ին, իտալական «Միլանի» հետ եզրափակչում, որտեղ կարողացան առաջին խաղակեսում բաց թողած երեք գոլը չեզոքացնել երկրորդում (ընդամենը ութ րոպեում)՝ վերջնահաշվում կորզելով հաղթանակը (ի հաշիվ հետխաղյա տասնմեկմետրանոցների): Սակայն այդ վերջինից առաջ լիվերպուլցիներն ունեցել էին 2001-ի դրամատիկ հանդիպումն իսպանական «Ալավեսի» հետ՝ լրացուցիչ ժամանակում պոկած հաղթանակով (5:4) ու այնքան բովանդակային խաղով, որ դիմակայությունն այդ մտել է Եվրոպայի գավաթի ոսկե ֆոնդ: Իսկ հիշո՞ւմ եք, թե ընթացիկի քառորդ եզրափակչում լիվերպուլցիներն ինչ արեցին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում:

ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
Իր բոլոր պարամետրերով այն խոստանում էր լինել դրամատիկ, մրցակցային առումով՝ անհաշտ: Սպասումներն արդարացան: Յուրգեն Կլոպի սաները անգերազանցելի էին առաջին խաղակեսում: Եթե անկեղծ, 1:0-ն սկզբունքորեն մրցակցող կողմերի ուժերի ճշմարիտ թվային արտահայտությունը չէր: Խաղի առաջին կեսում նման պատվաբեր հաշիվ ունենալու համար (որքան էլ այն հօգուտ իրենց չէր), կարծում եմ, անդալուզցիները շատ բաներով պիտի շնորհակալ լինեն հանդիպման մրցավարական կազմին, սակայն դա թողնենք նրանց խղճին:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին «Սևիլիան» կայծակնային գրոհ կազմակերպեց ու հավասարեցրեց խաղի հաշիվը: Թվում էր, թե եղածի մեջ չարագույժ ոչինչ չկար, բայց որ խաղում էլի գոլեր կլինեին, դժվար չէր գուշակել ու դա ոչ նրա համար, որ այդ հանդիպումում ոչ-ոքի պարզապես չէր կարող լինել. կողմերից մեկն ու մեկի համար խաղն անպայմանորեն պիտի ավարտվեր հաղթանակով, քանի որ այդպիսին է եզրափակիչների ոսկե կանոնը: Պատասխան գոլը ոգևորեց անդալուզցիներին ու, հակառակը, ծանր մահակի դեր խաղաց լիվերպուլցիների համար, որոնց խաղն աչքի առաջ փլուզվում էր: Հանդիպման ելքի համար առանցքային եղավ «Սևիլիայի» երկրորդ գոլը, իսկ երրորդն արդեն մահվան դատավճիռ էր:
Մի խոսքով՝ եղավ այն, ինչ եղավ: Իսկ խոշոր հաշվով այն ՈՒնաի Էմերիի սաների համար նշանակեց նոր պատմության կերտում, ելք Չեմպիոնների լիգա: Եվս նման մի հաջողություն (սևիլիացիները գավաթային եզրափակիչ ունեն նաև երկրի ներսում, «Բարսելոնի» հետ), ու գրեթե իսպառ կներվի ակումբի թույլ մասնակցությունը ներքին առաջնությանը, թեպետ Լիգայի խաղարկությունում նվաճած գավաթն արդեն իսկ «ջրել» է եղածը:

ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՏԵՂ
ՈՒԵՖԱ-ի ու Եվրոպայի լիգայի գավաթի պատմության մեջ «Սևիլիայից» ու նրա մարզիչ ՈՒնաի Էմերիից զատ (երեք անգամ անընդմեջ հաղթած թիմ ու մարզիչ) ռեկորդով առանձնացավ նաև իսպանական «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը, ով ընթացիկ մրցաշրջանում տասնմեկ խաղում խփեց տասը գնդակ: Խաղարկությանը երբևիցե մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստներից ռեկորդը մինչ այդ պատկանում էր անգլիական «Նյուքասլ» ակումբի հարձակվող Ալան Շիրերին (2004-2005 թթ. մրցաշրջան, գրեթե երեսունչորս տարեկան հասակում): Այնպես որ, իսպանացիները ռեկորդակիր են նաև այստեղ: Ի դեպ, Ադուրիսը հրավիրվել է Իսպանիայի ազգային ընտրանի՝ մասնակցելու «Եվրո-2016»-ի առաջնությանը: Զուգահեռաբար նկատենք, որ Իսպանիայի հավաքականի ընդլայնված կազմում տեղ չի գտել Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացնող Ֆեռնանդո Տորեսի անունը: Հարձակվողն առանձնապես չի զարմացել սույնի կապակցությամբ՝ հավելելով, որ ինքը ներկայումս կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ սպասվելիք դիմակայության վրա: Խաղն այդ կայանալու է մայիսի 28-ին, միլանյան հանրահայտ «Սան Սիրո» մարզադաշտում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ